Գործունեություն

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1907 Սամվել Գրիգորյանը ծնվել է ներկայիս Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում (այն ժամանակ ներառված էր ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Շուշի գավառական կենտրոնի կազմի մեջ; սովետական շրջանում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում՝ Շուշիքենդ անվան տակ) 1907թ․ ապրիլի 22-ին։ Հայրը՝ Հովհաննես Բալայի Իսրայելյանը, դարբին էր; մայրը՝ Մարգարիտ Աղվանյանը։ Ս․ Գրիգորյանը միջնակ զավակն էր, ուներ երկու քույր։

1921 ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի նիստը առանց քննարկելու և քվեարկու¬թյան դնելու, կամայականորեն որոշում է Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանին։

1922 Տասնհինգամյա Սամվելը տեղափոխվում է արդեն սովետական Բաքու։ Այստեղ նա աշխատում է որպես ցրիչ «Совнархоз»-ում (ժող․ տնտեսության խորհուրդ)։ Խորհուրդը գտնվում էր Խագանի փողոցի այն շենքում, որտեղ տարիներ անց տեղակայվելու էր Ադրբեջանի գրողների միությունը․․․ «Արդեն այդ տարիներին երիտասարդը երազում էր պոեզիայի մասին, չնայած դեռևս ինքը գրել չէր համարձակվում: Նրա կուռքերն էին Հովհաննես Հովհաննիսյանը, Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, բայց ամենից առաջ ՝ մեծ Հովհաննես Թումանյանը» (Каспаров Сурен Данилович, писатель «Самвел Григорян», (о поэте и его творчестве в честь 75-летия), Язычи, Баку, 1982), որին մինչև կյանքի վերջ համարում է իր ուսուցիչը։

1924 Սամվելի կյանքում առաջին բանաստեղծությունը, իբրև նրա հոգու ճիչ, ծնվեց հենց Հ․ Թումանյանի մահվան կապակցությամբ (1924թ.)։ Այն որևէ տեղ չէր տպագրվել։ Երիտասարդ Սամվելն այն կարդաց Բաքվում հայ մեծ բանաստեղծի մահվանը նվիրված սգո հանրահավաքի ժամանակ:
«Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Վիշկա» հանդեսում, որը հեղինակը գրել է Մյասնիկյանի, Աթաբեկյանի և Մոգիլևսկու ողբերգական մահվան առթիվ։ Գրական մկրտությունից հետո «Կոմունիստ» հայերեն թերթում սիստեմատիկաբար սկսում են լույս տեսնել նրա բանաստեղծությունները» (Վլադիմիր Իսահակյան «Սամվել Գրիգորյանի պոեզիան», «Յազըչը» հրատարակչություն, Բաքու, 1982)։

1925-1929 Սամվելը ընդունվում և սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

1927-1928 «Իմ գրական կյանքում բախտորոշ դեր է խաղացել Եղիշե Չարենցը» , — գրում է Ս․ Գրիգորյանը։ 1927 – 1928 թթ․ Չարենցը կարճ ժամանակով ղեկավարել է Բաքվում հրատարակվող հայերեն «Կոմունիստ» թերթի գրական-գեղարվեստական բաժինը։ «Մի օր մեծ բանաստեղծը իր մոտ է հրավիրում «Կոմերիտ» Սամվելին (այն ժամանակ Սամվել Գրիգորյանը այս մականունով էր ստորագրում իր բանաստեղծությունները)»2, կարդալով խմբագրություն ուղարկած նրա ոտանավորները։ «Մեծ բանաստեղծը «Կոմերիտ» Սամվելին խորհուրդ է տալիս հրաժարվել շատ ածականներ գործածելուց, ինչպես նաև երկարաշունչ բանաստեղծություններ գրելուց։ Չարենցի հետ ունեցած այս բախտորոշ հանդիպումից հետո Գրիգորյանի բանաստեղծական աշխարհում բեկում է սկսվում։» (Սամվել Գրիգորյան․ «Նվիրական անուններ», Բաքու, 1974):

1929 Սամվելը ավարտում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ Այդ տարում նա նաև ամուսնանում է Մարիամ Հովհաննիսյանի հետ, ում հետ նրան մինչև կյանքի վերջը կապում է մեծ սերը, ում նա նվիրել է իր լիրիկական ստեղծագործությունների մեծ մասը։

1934 Լույս է տեսնում բանաստեղծի անդրանիկ ժողովածուն «Լիրիկական հույզեր» խորագրով։

1936 Բանաստեղծը փորձում է ստեղծագործել այլ ժանրերում, մշակելով արևելյան լեգենդները, բալլադները։

1936 թ․ լույս տեսավ «Բիբի-Հեյբաթ» արևելյան լեգենդը։ Վլադիմիր Իսահակյանը «Սամվել Գրիգորյանի պոեզիան» մենագրության մեջ («Յազըչը» հրատարակչություն, Բաքու, 1982) բարձր է գնահատում Գրիգորյանի այդ ժանրի գործերը․ «Սամվել Գրիգորյանը սովետահայ պոեզիայի սակավաթիվ ներկայացուցիչներից է, որոնք իրենց ուժերը փորձել են այդ բնագավառում և հասել որոշակի հաջողության։ Նրա «Բիբի-Հեյբաթ» և «Խարդավանքի և սիրո ամրոցը» լեգենդները իրավամբ կարող են սովետահայ պոեզիայի նվաճումներ համարվել։»

1937 Ս․ Գրիգորյանը գրեց «Ծաղկիր ազատ իմ Հայրենիք» բանաստեղծությունը։ Բանաստեղծության խոսքերով կոմպոզիտոր, խմբավար, հայ ազգային էստրադայի, ջազի հիմնադիր Արտեմի Այվազյանը գրեց քայլերգի երաժշտությունը։ Երգը լայն տարածում գտավ Սովետական Հայաստանում, կատարվում էր ՀՀ ջազ, այլ նվագախմբերի կողմից, տարածվեց պիոներական ճամբարներում, դառնալով պիոներների քայլերգը, կատարվում էր պաշտոնական արարողակարգերում։

Այդ երգի բառերը բազմիցս տպագրվել էին տարբեր թերթերում, ամսագրերում և՛ Սովետական Միությունում, և՛ արտասահմանյան հայկական տպագիր մամուլում, օրինակ՝ «Երիտասարդ Հայաստան» խորագրով Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Ամերիկայի 1953թ. հրատարակությունում։
Երգը կատարվում էր նաև Սովետական Հայաստանը ներկայացնող, պատվավո հյուրերի հյուրընկալության պատվավոր արարողությունների ժամանակ։ Օրինակ՝ Գերաշնորհ Արտավազդ Արքեպիսկոպոսի Կրընոպլ (Կենտրոնական Ֆրանսիա, Ալպեաններու մայրաքաղաք) այցելության ժամանակ։ Տես ավելին…
Գրիգորյանը շարունակում է մշակել լեգենդները։ Իրար հետևից նրա գրիչի տակից դուրս են գալիս «Խարդավանքի և սիրո ամրոցը», «Պարտված մահը», «Թիթեռ» լեգենդները։

1938 Ս․ Գրիգորյանը առաջին փորձն է անում մեծ կտավի ստեղծագործությունների ասպարեզում և գրում է իր առաջին պոեմը՝ «Խիզախում»։

1939 Ս․ Գրիգորյանը ընդգրկվում է ՍՄԿԿ շարքերը։

1940 Հայրենական մեծ պատերազմից առաջ Ավետիք Իսահակյանը Նաիրի Զարյանի հետ այցելում է Բաքու, որտեղ նրա պատվին կազմակերպվում է մեծարման երեկո։ Երեկոն սկսվելուց առաջ Գրիգորյանը մոտենում է Վարպետին, զրուցում նրա հետ և հայտնում, որ նրան բանաստեղծություն է նվիրել, պիտի կարդա։ «Կա՞րճ է, թե երկար», — հարցնում է Վարպետը։ «Մի քիչ երկար է», — լինում է պատասխանը։ Իսահակյանը խորհուրդ է տալիս խուսափել երկարաշունչ բանաստեղծություններ գրելուց (Սամվել Գրիգորյան․ «Նվիրական անուններ», Բաքու, 1974)։ Այդպես սկսվում է կարճ բանաստեղծություններ գրելու դժվարին փորձաշրջանը։

1943 Ս․ Գրիգորյանը ընտրվում է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի քարտուղար։

1944 Հրատարակվում է Ս․ Գրիգորյանի «Մոր սիրտը» ժողովածուն, որն արժանանում է Ավ․ Իսահակյանի խրախուսանքին։

1948 Գրիգորյանը իր ուժերը փորձել է նաև դրամատուրգիայի բնագավառում։ Նա գրել է «Գայանե» պիեսը, որը առաջին անգամ 1948թ․ բեմադրվել էր Բաքվում, իսկ հետո նաև Կիրովաբադում, Ստեփանակերտում։

1956-ից — 1981  Սամվել Գրիգորյանը «Գրական Ադրբեջան»  հայալեզու գրական հանդեսի գլխավոր խմբագիրն է։

1958 Երևանում տպագրվում է Ս․ Գրիգորյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Կրակներ», Հայպետհրատ, Երևան, 1958

1959 — 1985 Յոթ անգամ ընտրվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, որից երեք անգամ նաև հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ։

1967 -1977 Ս․ Գրիգորյանը նախագահում է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղը։

1969 հրատարակվել է բանաստեղծի ստեղծագործությունների երկհատորյակը։

1970 Ս․ Գրիգորյանին շնորհվում է Ադրբեջանական ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչի կոչումը:

1972 Մոսկվայում «Сов. писатель» հրատարակչությունը հրատարակել է Ս․ Գրիգորյանի լավագույն բանաստեղծությունների «Падает снег» ժողովածուն։ Դա բանաստեղծի ռւսերեն թարգմանությամբ երկրորդ ժողովածուն է։

1974 հրատարկվում է է բանաստեղծի հուշերի գրքույկը՝ «Նվիրական անուններ» խորագրով (Գյանջլիք, Բաքու, 1974)։ Բանաստեղծը կիսվում է ընթերցողի հետ գրականության և արվեստի անվանի գործիչների հետ իր հանդիպումների, բարեկամության մասին հուշերով, ներառյալ՝ Ավ․ Իսահակյանի, Ալ․ Շիրվանզադեի, Հովհ․ Աբելյանի, Հովհ․ Հովհաննիսյանի, Ե․ Չարենցի, Թ․ Հուրյանի, մի շարք ուրիշների։

1977 ապրիլի 26-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով սովետական գրականության զարգացման ասպարեզում վաստակի համար և յոթանասունամյակի կապակցությամբ գրող Սամվել Հովհաննեսի Գրիգորյանը պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։

1984 նոյեմբերի 26-ին Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով Սամվել Հովհաննեսի Գրիգորյանին շնորհվել է Ադրբեջանական ԽՍՀ ժողովրդական բանաստեղծ կոչումը՝ բազմազգ սովետական գրականության զարգացման գործում մեծ վաստակի համար։

1987 Հոբելյանական երեկո, նվիրած Ադրբեջանի ժողովրդական բանաստեղծ Սամվել Գրիգորյանի 80-ամյակին, տեղի է ունեցել Ադրբեջանի պետական ֆիլարմոնիայի դահլիճում մայիսի 15-ին։ Դրա մասին հայտարարությունը, ինչպես նաև Նարիման Հասանզադեի կողմից գրած «Слово о народном поэте» խորագրով բանաստեղծի անցած ուղուն նվիրված հոդվածը տպագրվել էին «Бакинский рабочий» Նօ 112 թերթում, մայիսի 15 1987թ․, էջ 4-րդ։ Մեծարման երեկոյի ընթացքում արդեն հիվանդ բանաստեղծը մոտ մեկ ժամ անըդմեջ արտասանեց իր բանաստեղծությունները՝ երիտասարդի ոգևորությամբ։

1987 հունիսի 7-ին հայ բանաստեղծ Սամվել Գրիգորյանը կնքեց իր մահկանացուն։ Բանաստեղծին հանդիսավոր արարողակարգով հանձնեցին հողին Բաքվի պատվո հողարկավորությունների նրբանցքում։

1988 Բաքվում սկսվեցին հակահայկական ցույցեր, իսկ նոյեմբեր-դեկտեմբերին ազերների կողմից իրականացվեցին հայերի ջարդերը, պղծվեցին հայկական գերեզմանները, ներառյալ՝ պատվո նրբանցքում հողարկավորվածների․․․

ԸՆԿԵՐՆԵՐ, ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

«Գրիգորյանի քնարի լավագույն գծերից մեկն այն է, որ անաղարտ սիրո առաջին կրակով կապված է մեր կյանքին, մեր երկրին։ Նա միշտ գտնում և պոեզիայի նյութ է դարձնում իր հուզաշխարհում եղած այն հատկանշականն ու բնորոշը, որ չափանիշ է դառնում ոչ միայն բանաստեղծի անձնականի, այլև շատ շատերի հուզաշխարհի ընկալման համար։»

«Գրողներ կան, մանավանդ բանաստեղծներ, որոնց ուժն այն է, որ իրենց ստեղծագործությամբ քանդում են ընդունված, դարերով սրբագործված ավանդականի սահմանները և իրենք փորձում են հաստատել նյութն ընտրելու իրենց կարողությունն ու այն մատուցելու նոր, հաճախ արտառոց սկզբունքները։ Սամվել Գրիգորյանը դրանց թվին չէ, որ պատկանում է․ նրա պոեզիայի հմայնքն ու գեղեցկությունը դասականն ու ավանդականը ինքնատիպ անհատականությամբ շարունակելու մեջ է։ Ավանդույթի ուժ ստացած Թումանյանի, Իսահակյանի, Տերյանի, Չարենցի լիրիկական ստեղծագոևծություններն են, որ ուղենիշ են հանդիսացել նրա համար։»

Արշալույս Բաբայան,

Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
Ս․ Գրիգորյանի երկերի երկհատորյակի նախաբանում՝ վերլուծական, 1968,
Բանաստեղծի 60-ամյակի կապակցությամբ։

Ս․ Գրիգորյանի գրադարանում պահվում էր նաև Ս․ Կապուտիկյանի կողմից նվիրած գիրքը հետևյալ մակագրությամբ․

«Սիրելի Սամվել, թեև չ՛տպեցիր, բայց գիտեմ, հավատում ես, որ լեռներից վեր, քարից կարծր է հայոց բարդին։ Սրտագին ողջույներով, Սիլվա Կապուտիկյան, 1/IV 61թ․, Երևան»

Հայ գրող ու բանաստեղծուհի, հրապարակախոս, հասարակական գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սիլվա Կապուտիկյանի հետ մտերիմ էին, հաճախակի հանդիպում էին հանգստյան տներում։ 1951 թվականին Յալտայի հանգստյան տանը Սիլվա Կապուտիկյանը նվիրել է Ս․ Գրիգորյանին իր լուսանկարը, հետադարձին՝ հետևյալ մակագրությամբ․

«Մեր լավ ու պայծառ Սամվելին՝ ի նշանավորում Յալտայի Ստեղծագործական տան անցկացրած օրերի։ Սիլվա Կապուտիկյան, 30/IX 51թ․»

1965թ․ — Սամվել Գրիգորյանը Գրողների ստեղծագործական տանը, Մալեևկա (այժմ ՝ Ռուզսկի շրջան, Ռուսաստան) իր տիկնոջ` Մարիամ Հովհաննիսյանի և գրողների հետ։ Կենտրոնում` նրա կողքին, Արտաշես Բալասիի Կարինյանն է (Գաբրիելյան)` գրականագետ, պատմաբան; ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։ Աջ կողմից երկրորդը՝ արձակագիր Անահիտ Սեկոյանն է։

 

 

 

 

«Եթե ճիշտ է, որ բնությունը երկրորդ անգամ վերակենդանանում է գեղարվեստի մեջ, ապա Ս․ Գրիգորյանի մասին կարող ենք ասել՝ Ղարաբաղի բնությունը իր երկրորդ կյանքն է ստանում նրա պոեզիայում»

Ս․ Սողոմոնյան («Գրական Ադրբեջան”, Բաքու, 1964, Նօ 2, էջ․80)

 

«Գրական հեղինակություն էր և գրական շարժման ղեկավար։» «Ասում են, բանաստեղծի կենսագրությունը պետք է որոնել նրա պոեզիայում։ Ճշմարիտ խոսք է։ Սամվել Գրիգորյանի կենսագրությունը հայրենիքին անմնացորդ նվիրվածության մեջ է, Ղարաբաղի հող ու ջրի սրբությունը հաստատող երգերի մեջ, մարդուն մեծարելու, մարդկայինով իր ներսն ու դուրսը չափելու մեջ։»

Վ. Մնացականյան, (հունիսի 19, 1987 թ.)։ «Վերջին ճանապարհը»։ «Գրական թերթ», No 25 (2841),։ Հայաստանի գրողների միություն։

 

«Սամվել Գրիգորյանի բանաստեղծությունները՝ գրված պարզ, հստակ լեզվով, լակոնիկ կերպով արտահայտող խորը մտքեր, վերապրած և էմոցիոնալ, սերտ կապված են Հայրենիքի կյանքին, սնվում են նրա բուն բնությունից, սարերից և գետերից, հողից և բուսականությունից։»

Կ. Տարիվերդիևա, (մայիսի 15, 1987 թ.))։ «Մեծ բարեկամության երգիչը/ПЕВЕЦ ВЕЛИКОЙ ДРУЖБЫ, ռուս.»։ «Վիշկա»/«Вышка», No112 (1791),։ газета ЦК КП Азербайджана։

Մտերիմ ընկեր՝ բանաստեղծ Սարմենի հետ։

Արձակագիր Սուրեն Այվազյանի հետ Ղրիմում։

Հայ դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Դավիթ Մալյանի հետ։

Ս․ Գրիգորյանը ճանաչված էր Ռուսաստանում, ընկերական հարաբերություններ ուներ Ռուսաստանի սովետական գրականության ականավոր գործիչների հետ։ Նաում Գրեբնևը՝ ռուս խորհրդային բանաստեղծ, Կովկասի ու Արևելքի ժողովրդական պոեզիայի ու դասական բանաստեղծների ստեղծագործությունների թարգմանիչ (թարգմանություններ է կատարել հայերենից, վրացերենից, ղազախերենից, ղրղզերենից, մոնղոլերենից և այլ լեզուներից) Ս․ Գրիգորյանին է նվիրել իր թարգմանությամբ Նահապետ Քուչաքի ստեղծագործությունների գրքույկը հետևյալ մակագրությամբ․

«Дорогому Самвелу Григоряну, я рад служить вашей великой литературе, 20 VII 69»

1974թ․ Մալեևկա, Գրողների Ստեղծագործական տուն։ Ս․ Գրիգորյանը իր տիկնոջ (աջ կողմում), թոռնուհու (նստած), հայազգի գրողների հետ։ Մեջտեղում ՝ Իրինա Տոկմակովա (Մանուկովա)՝ ռուսական մանկագիր, բանաստեղծուհի, արձակագիր, թարգմանչուհի։

1974 թ․ -ն Սամվել Գրիգորյանը գրողների ստեղծագործական տանը, Մալեևկա (այժմ ՝ Ռուզսկի շրջան, Ռուսաստան) իր տիկնոջ` Մարիամ Հովհաննիսյանի հետ (աջից)։ Մեջտեղում՝ Վաչե (Վաչիկ) Սմբատի Նալբանդյան՝ հայ խորհրդային գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Ձախից առաջինը՝ նրա կինը՝ տիկին Պարզիկը։

1974 թ․ -ն Սամվել Գրիգորյանը գրողների ստեղծագործական տանը, Մալեևկա (այժմ ՝ Ռուզսկի շրջան, Ռուսաստան) իր տիկնոջ` Մարիամ Հովհաննիսյանի հետ (աջից) և հայ գրողների հետ։

Երևան, 1967թ․։ Հայ առակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, թարգմանիչ Արշավիր Դարբնին և Ս․ Գրիգորյանը։

Ս․ Գրիգորյանը իր գործընկեր Վլադիմիր Աբրահամյանի և նրա տիկնոջ՝ տիկին Գեղեցիկի հետ միասին։ Վ․ Աբրահամյանը հայ բանաստեղծ, թարգմանիչ, լրագրող էր։ 1981թ․ փոխարինեց Ս․ Գրիգորյանին «Գրական Ադրբեջան» հայալեզու հանդեսի գլխավոր խմբագրի պաշտոնում։

1977 թ․, Ստեփանակերտ, Արցախ։ Ս․ Գրիգորյանը հայ բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանի հետ։ Ս․ Խանյանը դաշնակահար Հայք Մելիքյանի պապն է։

Բաքու, հայ գրողների հետ՝ ընկերական հանդիպում։ Սեղանի գլխին՝ Գուրգեն Անտոնյանն է,
հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։

Նկարում՝ ձախից՝ աջ․ Գևորգ Աղաջանյան՝ հայ բանաստեղծ, լրագրող; Սոկրատ Խանյան, Սամվել Գրիգորյան, Սարմեն, Վրադիմիր Աբրահամյան։ 1977 թ․

«Գրական Ադրբեջան» հայալեզու ամսագրի խմբագրությունում։
«Գրական Ադրբեջան»-ը գրական-գեղարվեստական երկամսյա հանդես էր Խորհրդային Ադրբեջանում, որի խմբագիրն է եղել Սամվել Գրիգորյանը 1956-81-թթ․։

Ելույթներ, պոեզիայի երեկոներ
Արցախ, 1938 թ․

12․04․1969, Բաքու, Վ․ Լենինի անվան գրադարանի ընթերցասրահում՝ պոեզիայի երեկո։