Կենսագրություն

Քեզ կհետևեմ ուր էլ որ լինես,
Ուր էլ որ գնաս, հավատա, կգամ,
Իսկ եթե չգամ, չսիրեմ էլ քեզ,
Իմացիր, որ ես աշխարհում չկամ:

Սամվել Գրիգորյան

Ստորագրությունը՝


Հեղինակի ձայնով՝

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սամվել Գրիգորյանը ծնվել է 1907թ ապրիլի 22-ին ներկայիս Արցախի Ասկերանի շրջանի Շոշ գյուղում (այն ժամանակ ներառված էր ցարական Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի Շուշի գավառական կենտրոնի կազմի մեջ; սովետական շրջանում՝ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում՝ Շուշիքենդ անվան տակ)։ Հայրը՝ Հովհաննես Բալայի Իսրայելյանը, դարբին էր; մայրը՝ Մարգարիտ Աղվանյանը։ Ս Գրիգորյանը միջնակ զավակն էր, ուներ երկու քույր։

1909 թ.-ին դարբին հայրը, աշխատանք փնտրելով, ընտանիքը տեղափոխում է Բաքու։

1914 թ. Ս. Գրիգորյանը յոթ տարեկան էր, երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը։ Հենց առաջին օրերին ռազմաճակատ է մեկնում պոետի հայրը՝ ընտանիքի միակ կերակրողը։ Այդ օրվանից էլ նրանց ընտանիքի անբաժանելի ուղեկիցներ են դառնում սովը, կարիքը։ 

1917թ. հայրը վերադառնում է պատերազմից, նորից աշխատացնում է իր դարբնոցը, որտեղ ապագա պոետը ևս աշակերտում է նրան։

1918-1920 հայադրբեջանական հակամարտւթյունը սրվում է։ 1918թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը նախկին Բաքվի և Ելիզավետպոլի նահանգները հռչակում է ադրբեջանական։

Բանաստեղծի մայրը՝ Մարգարիտ Աղվանյանը, և մեծ քույրը՝ Վարսիկը, սպանվել են Բաքվում ադրբեջանցիների կողմից 1918 թ սեպտեմբերի 16 -17-ին հայերի կոտորածի ժամանակ։ Հրաշքով փրկված հայրը, Սամվելը և նրա փոքր քույրը՝ Աշխենը փորձում են դիմակայել դժբախտությանը։

1919 թվականին տառապանքների ճիրաններում հայտնված տասներկուամյա Սամվելը մեծ դժվարություններով տեղափոխվում է իր ծննդավայրը՝ Լեռնային Ղարաբաղ, որտեղ, սակայն, նրան նույնպես սպասում էր տառապանքների մի աշխարհ։ Այստեղ նա ապրում է իր պապիկի, սիրելի հորեղբայր Սեյինի ընտանիքում։ Սիրով հաճախում է դպրոց, բայց նաև օգնում է մաճկալ պապին՝ հոտաղ լինելով։ 

1921թ. ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի հուլիսի 5-ի նիստը առանց քննարկելու և քվեարկության դնելու, կամայականորեն որոշում է Լեռնային Ղարաբաղը միացնել Ադրբեջանին։ 

Տասնհինգամյա Սամվելը 1922 թ.-ին վերադառնում  է արդեն սովետական Բաքու։ Իր առաջին անձնագիրը ստանալուց, երբ գրանցում էր իր ազգանունը, գրասենյակային ծառայողը, չըմբռնելով Սամվելի ազգանունը, գրանցում է իրեն իբրև Գրիգորյան, ասելով. —Դուք, հայերը, բոլորդ Գրիգորյան եք։

Բաքվում նա աշխատում է որպես ցրիչ «Совнархоз»-ում (ժող տնտեսության խորհուրդ)։ Խորհուրդը գտնվում էր Խագանի փողոցի այն շենքում, որտեղ տարիներ անց տեղակայվելու էր Ադրբեջանի գրողների միությունը․․․ «Արդեն այդ տարիներին երիտասարդը երազում էր պոեզիայի մասին, չնայած դեռևս ինքը գրել չէր համարձակվում: Նրա կուռքերն էին Հովհաննես Հովհաննիսյանը, Եղիշե Չարենցը, Ավետիք Իսահակյանը, բայց ամենից առաջ ՝ մեծ Հովհաննես Թումանյանը», որին մինչև կյանքի վերջ համարում է իր ուսուցիչը։

Սամվելը գրում էր բանաստեղծություններ դեռ մանկուց, պահում էր իր ծոցատետրում։ Առաջին լուրջ բանաստեղծությունը, որը ևս մնաց անտիպ, նա գրեց՝ իբրև հոգու ճիչ, Հ Թումանյանի  մահվան կապակցությամբ (1924թ.)։  Երիտասարդ Սամվելն այն կարդաց Բաքվում հայ մեծ բանաստեղծի մահվանը նվիրված սգո  հանրահավաքի ժամանակ: 

Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է «Վիշկա» հանդեսում, որը հեղինակը գրել է Մյասնիկյանի, Աթաբեկյանի և Մոգիլևսկու ողբերգական մահվան առթիվ։ Գրական մկրտությունից հետո «Կոմունիստ» հայերեն թերթում սիստեմատիկաբար սկսում են լույս տեսնել նրա բանաստեղծությունները»։

1925 թ. —ին  Սամվելը ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտում է 1929 թ.-ին։ Նույն տարում նա ամուսնանում է Մարիամ Հովհաննիսյանի հետ, ում հետ նրան մինչև կյանքի վերջը կապում է մեծ սերը, ում նա նվիրել է իր լիրիկական ստեղծագործությունների մեծ մասը։ Մարիամ Հովհաննիսյանը բժշկուհի էր՝ մանկաբույժ։ 

1930 թ.-ին ծնվում է բանաստեղծի առաջնեկը՝ աղջիկը՝ Սվետլանան, որը հետագայում դառնում է բժշկուհի՝ արյունաբան, բժշկական գիտությունների թեկնածու։ Երևանի բժշկական ինստիտուտը ավարտելուց հետո Սվետլանան կյանքի հետագա ուղին կապում է Երևանի հետ, աշխատում էր պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան արյունաբանական ինստիտուտում։ Սվետլանա Գրիգորյանի ամուսինը՝ Ազատյան Վիկտոր Գրիգորի, պրոֆեսոր, սրտավիրաբույժ, պրոֆ. Ա. Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի սրտի վիրաբուժության բաժնի վարիչ էր; — տես ավելին.

(Վիկտոր Ազատյան(Wikipedia), Վիկտոր Գրիգորիի Ազատյան(hayazg.info), Վիկտոր Ազատյան(PDF) ).

Սվետլանան և Վիկտորը ունենում են երկու զավակ՝ Կարինեին և Կարենին։

Իսկ 1938 թ. ապրիլի 20-ին ծնվում է բանաստեղծի որդին՝ Վաչե Գրիգորյանը։ Վաչե Գրիգորյանը հետագայում Մոսկվայում «Իսկուստվո» հրատարակչության գեղագիտության, թատրոնի և կինոյի գրականության խմբագրական բաժնի վարիչն էր, բանասիրական գիտությունների թեկնածու, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ։ Վաչեն ունի երկու դուստր՝ Իրինա և Եվգենիա։

1934 թ.-ին լույս է տեսնում բանաստեղծի անդրանիկ ժողովածուն «Լիրիկական հույզեր» խորագրով, որին հետևում են մյուսները (տես՝ Գործունեություն)։ Բանաստեղծը ստեղծում է նաև մեծ կտավի գործեր՝ լեգենդներ, պոեմներ։ 

1943 թ.-ին Ս Գրիգորյանը ընտրվում է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղի քարտուղար, իսկ 1967 -1977 թթ. նա նախագահում է Ադրբեջանի գրողների միության հայկական մասնաճյուղը։

1956-ից – 1981-ը Գրիգորյանը «Գրական Ադրբեջան»  հայալեզու գրական հանդեսի գլխավոր խմբագիրն էր։ 

Բանաստեղծի ստեղծագործությունների  ժողովածուները լույս են տեսել նաև ռուսերեն, ադրբեջաներեն թարգմանությամբ, բանաստեծությունները թարգմանվել են այլ լեզուներով։

Ինքը՝ բանաստեղծը , հանդես է եկել որպես փայլուն թարգմանիչ, նամանավանդ՝ ադրբեջաներենից հայերեն, բայց նաև այլ ազգի բանաստեղծների ստեղծագործություններ է թարգմանել։

Բանաստեղծը անտարբեր չէր հասարակական կյանքի հանդեպ, նամանավանդ՝ Ադրբեջանում հայկական համանյքի նկատմամբ, եղել է ակտիվ հասարակական գործիչ։ Նա 1959 — 1985 թթ. յոթ անգամ ընտրվել է Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, որից երեք անգամ նաև հանրապետության Գերագույն խորհրդի նախագահության անդամ։ 

Ս. Գրիգորյանը արժանացել է բազմաթիվ պատվավոր կոչումների, պարգևատրումների։

1987 թ. հունիսի 7-ին հայ բանաստեղծ Սամվել Գրիգորյանը կնքեց իր մահկանացուն։ Բանաստեղծին հանդիսավոր արարողակարգով հանձնեցին հողին Բաքվի պատվո հուղարկավորությունների նրբանցքում, իսկ արդեն 1988 թվականին Բաքվում սկսվեցին հակահայկական ցույցերը; նոյեմբերդեկտեմբերին ազերների կողմից իրականացվեցին հայերի ջարդերը, պղծվեցին հայկական գերեզմանները, ներառյալ՝ պատվո նրբանցքում հողարկավորվածների․․․

Բանաստեղծի թոռնուհին արդեն ինքը տեղադրեց Ս. Գրիգորյանի և նրա տիկնոջ հիշատակի հուշարձանները Երևանում։

ԸՆՏԱՆԻՔԸ